Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավիթաշեն

Time Image

10։00

19։00

Ժառանգությունն ըստ կտակի


Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Կտակ կարող է անել գործունակ քաղաքացին: Կտակը պետք է արվի անձամբ: Ներկայացուցչի միջոցով կտակ անել չի թույլատրվում: Երկու և ավելի անձանց կողմից կտակ անել չի թույլատրվում: Այստեղից հետևում է, որ կտակը կազմում է անհատն իր կենդանության օրոք այն մասին, թե իր գույքը ինչպես պետք է տնօրինվի իր մահվանից հետո։

Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին: Կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:

Կտակարարն իրավունք ունի ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պայմանով: Նա իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ:

Կտակարարն իրավունք ունի առանց պատճառների բացատրության ժառանգությունից զրկել ըստ օրենքի ժառանգներից մեկին, մի քանիսին կամ բոլորին: Եթե կտակարարը ժառանգությունից զրկել է այն անձին, որը ժառանգության բացման օրը պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակը համապատասխան մասով համարվում է անվավեր:

Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:

Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից: Վերոնշված կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:

Հարկ ենք համարում նշել, որ կտակը չի կարող վիճարկվել մինչև ժառանգության բացվելը:

Կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացվելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա: Եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վկայի ներկայությունը պարտադիր է: Եթե կտակը կազմվում և վավերացվում է վկայի ներկայությամբ, ապա այն պետք է ստորագրի վկան: Կտակում պետք է նշվեն վկայի անունն ու նրա բնակության վայրը:

Կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ): Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով