Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Հեղինակային իրավունքը և դրա օբյեկտները


Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից:

Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով: Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն)։

 

Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

Հեղինակային իրավունքի օբյեկտներ են`

1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, և այլ) ստեղծագործությունները.

2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.

3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.

4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.

5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.

6) տեսալսողական ստեղծագործությունները (հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.

7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.

8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.

9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.

10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.

11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.

12) համակարգչային ծրագրերը.

13) տառատեսակները.

 

 

 

Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն`

1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները.

2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն).

3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.

4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները.

5) առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները.

6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։

 

Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների կամ նշանների նախագծի նկատմամբ հեղինակության իրավունքը պատկանում է նախագիծ ստեղծած անձին (մշակողին):

Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով։ Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն սկսում է գործել ստեղծագործությանը երրորդ անձանց կողմից ընկալվելու համար մատչելի օբյեկտիվ ձև տալու պահից` անկախ դրա լույս ընծայումից: Բանավոր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է այն երրորդ անձանց հաղորդելու պահից:

Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։

Երկու կամ ավելի քաղաքացիների համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը համահեղինակներին է պատկանում համատեղ` անկախ նրանից, այդ ստեղծագործությունը մեկ միասնական ամբողջությու՞ն է, թե՞ կազմված է մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև ինքնուրույն նշանակություն: Ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե այն կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:

Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց դրա օգտագործումը։

Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար: Առանց իրավատիրոջ թույլտվության` ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները։

Իրավատիրոջ պահանջով նրան կարող է վճարվել՝

ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ`

բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով