Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00


Նախորդ հոդվածում անդրադարձանք ապացույցներին վարչական վարույթում և դատավարությունում, ապացուցման պարտականության բաշխմանը, ինչպես նաև դրանց գնահատմանը։

Սույն հոդվածում կանդրադառնանք ապացույցներ ներկայացնելու պարտականությանը և ապացուցման բեռին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:
Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, թե կոնկրետ հայցատեսակով (վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման, ճանաչման) պայմանավորված` ով է կրում ապացուցման բեռը:
Փաստորեն, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոն: Միաժամանակ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասում, որպես ընդհանուր կանոն, նախատեսել է վարչական դատավարությունում գործի ելքը պայմանավորող որևէ փաստի չապացուցված մնալու իրավական հետևանքները՝ սահմանելով, որ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է նաև վարչական դատավարությունում գործող տարբեր հայցատեսակների հիման վրա հարուցված գործերի շրջանակներում ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնները:

Ապացուցման բեռը կրում է`

1) վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով.

2) պարտավորեցման հայցով` վարչական մարմինը` հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` այն փաստերի մասով, որոնցով հիմնավորվում է իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը.

3) գործողության կատարման հայցով` վարչական մարմինը` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով.

4) ճանաչման հայցով`

ա. ֆիզիկական կամ իրավաբանական անձը` որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը հաստատող փաստերի մասով,

բ. վարչական մարմինը` վարչական ակտի առ ոչինչ լինելը հերքող փաստերի մասով,

գ. վարչական մարմինը` այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի, ինչպես նաև որևէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով