Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Քաղաքացի և վարչական մարմին իրավահարաբերությունների առանձնահատկությունները․ ՄԱՍ 4


Նախորդ հոդվածում անդրադարձանք լսված լինելու իրավունքին։

Սույն հոդվածում հարկ ենք համարում շոշափել հետևյալ հարցերը․

Ապացույցները վարչական վարույթում և ապացուցման պարտականությունը բաշխելը,

Ապացույցները վարչական դատավարությունում, դրանց գնահատումը

 

«Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝

1. Վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

2. Վարչական մարմինն իրավունք չունի պահանջել ներկայացնելու այնպիսի փաստաթղթեր կամ դրանց նոտարական կամ այլ կարգով վավերացված պատճեններ, որոնց ներկայացնելը կամ համապատասխան վավերացմամբ ներկայացնելը նախատեսված չէ օրենքով:

«Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի/այսուհետ՝ Օրենք/ 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնը, որի համաձայն`

1․անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա) անձը` նրա համար բարենպաuտ փաuտական հանգամանքների առկայության

դեպքում.

բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաuտ փաuտական հանգամանքների

առկայության դեպքում։

Այս ընդհանուր կանոնից նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է բացառություն այն դեպքերի համար, երբ փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով։ Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այդ դեպքում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը։

Իսկ Օրենքի 3-րդ մասում սահմանված է՝

Եթե սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:

«Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

2. Ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։

 

«Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝

1. Վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։

2. Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների օգտագործումն արգելվում է: Դրանք ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:

 

«Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

2. Դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

Դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Ապացույցների հետ կապված այլ հարցերին կանդրադառնանք հաջորդ հոդվածում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով