SOS LAW

Երեխաների իրավունքների պաշտպանության ծագումը

soslaw.am

Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը ծագել է համեմատաբար ավելի վերջերս։ Առաջին աշխարհամարտի կործանարար ազդեցությունը քաղաքացիական բնակչության վրա առաջացրեց Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրների մտահոգությունը երեխաների իրավունքների պաշտպանության շուրջ։ 1919 թվականին Ազգերի Լիգայի կողմից ստեղծվեց երեխաների բարեկեցության Հանձնաժողով, որն ուսումնասիրում էր երեխարի իրավունքների ոտնահարումը՝ կապված նրանց շահագործման, ստրկության և վաճառքի հետ։

Երեխաների իրավունքների պաշտպանության գործում  իր կարևորագույն ներդրումն ունի 1923 թվականին Էգլանթայն Ջեբբի կողմից հիմնադրված՝ Երեխաների փրկության միջազգային միությունը, որի կողմից էլ հենց մշակվել է հռչակագիր, որը իր մեջ ներառել է այն հիմնական պայմանները, որոնց պետք է հետևի հասարակությունը՝ երեխաների պաշտպանությունը և նրանց լավագույն ապագան ապահովելու համար։

1924 թվականին Ժնևում  Ազգերի Լիգան ընդունեց Երեխաների փրկության միջազգային միության կողմից առաջարկված՝ «Երեխաների իրավունքների հռչակագիրը», որն առաջին միջազգային-իրավական փաստաթուղթն էր երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում։ Հռչակագիրը հիմնված էր  սկզբունքների   վրա, որոնք ձևավորել են երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային-իրավական նպատակները։

Կարևորագույն երևույթն այն էր, որ 1924 թվականին ընդունված՝ «Երեխաների իրավունքների հռչակագրում» առաջին անգամ ընդգծվեց, որ երեխան պետք է դաստիարակվի այն գիտակցությամբ, որ իր լավագույն որակները օգտագործվելու են ի շահ եկող սերունդների։ Առաջին անգամ հայտարարվեց, որ երեխաների մասին հոգ տանելը և նրանց պաշտպանությունը այլևս չի հանդիսանում ընտանիքի, հասարակության և անգամ առանձին պետության բացառիկ պարտականությունը, այլ ողջ մարդկությունը պետք է հոգա երեխաների բարեկեցության մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով